
Լոռու մարզի Քարկոփ, Շնող գյուղի այգետերերը լուրջ վնասներ են կրում Վանաձոր-Ալավերդի- Բագրատաշեն միջպետական ճանապարհի անվերջ ձգձգվող շինարարության պատճառով։ Արդեն 3 տարի է ճանապարհի շինարարարությունը չի ավարտվում, արդյունքում՝ ամբողջ փոշին նստում է ճանապարհամերձ այգիների վրա, փչացնում բերքը, չորացնում ծառերը։ Այգետերերն ասում են՝ ծառերը փոշուց շնչահեղձ են լինում, հատկապես նորատունկ ծառերը չորանում են, չի օգնում նույնիսկ մշտական ոռոգումը։
Քարկոփի բնակիչ Արշակ Անանյանը 3 տարի առաջ հողամաս է գնել, զբաղվում է թզի, արքայանարնջի, դեղձի, ազնվամորու մշակությամբ։ Սակայն հողամասը գնելուն պես ճանապարհի շինարարությունը սկսվել է ու արդեն 3 տարի է չի կարողանում օգուտ ստանալ այգուց։ Ձգձգվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ դիմում- բողոքներ են ուղարկել շինարարությունն իրականացնող ընկերությանը, ոչ մի պատասխան չեն ստացել։
Դժգոհում են՝ ճանապարհաշինարարները 3 տարի առաջ ասֆալտի հին շերտը հեռացրին ու հեռացան, 2 տարի շարունակ առանց որևէ աշխատանք տանելու։ Այս ամբողջ ընթացքում գրունտային ճանապարհի ամբողջ փոշին լցվում է մարդկանց տները, նստում այգիների վրա։ Հիմա որոշակի հատված ասֆալտապատվել է, բայց աշխատանքները շատ դանդաղ են ընթանում։ Երթևեկությունն այս պահին Քարկոփի հատվածում գլխավոր մայրուղիով միակողմանի է, նույնիկ մեծ բեռնատարները մի քանի կմ ճանապարհահատված անցնում են այլընտրնանքային ճանապարհով, որ անցնում է ուղիղ այգիների կողքով։ Ժամանակ առ ժամանակ աշխատող ջրցան մեքենան էլ օգուտ չի տալիս։ Արդյունքում բերքի մեծ մասը ծառերի վրա է մնում։
Արշակ Անանյանի հարևանությամբ Արկադի Անանյանի այգին է։ Այգետերը այս տարի 1,5 մլն դրամի օգուտ էր ակնկալում ստանալ բերքի վաճառքից, 200-300 հազար դրամ հազիվ կազմի։ Փոշու պատճառով պտուղը դեռ չհասունացած ընկնում է ծառից։
Այգետերերից մեկն էլ Արա Բաբայանն է, մեծ այգի է հիմնել, վարկային միջոցներով հակակարկտային ցանցեր անցկացրել։ Այնինչ, ճանապարհամերձ ծառերին, հատկապես՝ թզենիներին, չի էլ մոտենում։ Քաղելն անիմաստ է։
Այգեգործությունն ավանդաբար այս գյուղի եկամտի հիմնական աղբյուրն է, այլ աշխատատեղեր ու զբաղմունք չկա։ Ձգձգվող շինարարության պատճառով բնակիչների ամբողջ տարվա եկամուտը ջուրն է լցվում։ Սակայն ճանապարհաշինարարների հասցրած վնասը միայն փոշին չէ, ջրահեռացման համակարգը կիսատ են կառուցել, սելավատարները հենց այգիների բերանին է, ասում են սելավների ժամանակ այգիները հեղեղվելու են։ Կրած վնասների համար այգետերեը փոխհատուցում են պահանջում։

